Հղիության առաջին իսկ օրվանից ապագա ծնողները նախապատրաստվում են երեխայի լույս աշխարհ գալուն:
Նրա համար պատրաստում են «օժիտ» ասվածը, որն իր մեջ ընդգրկում է հիմնականում հետևյալ պարագաները` շապիկ, բարուրաշոր, տակաշոր կամ միջադիր, գուլպա, թաշկինակ, կապովի գլխարկ, բոդի, վերնազգեստ, տոտիկ: Այս իրերի ընդհանուր արժեքը կազմում է մոտավորապես 40-60 հազար դրամ: Օրորոցի արժեքը սկսվում է 60-ից մինչև 400 հազար դրամ, մանկասայլակ` 40-170 հազար դրամ, պահարան գնելու համար անհրաժեշտ է 70-90 հազար դրամ; Անկողնային պարագաները և սպիտակեղենը 20-60 հազար դրամ, լոգանքի պարագաները` 15-25 հազար դրամ:
Մանկական մկրատ, յուղ կամ կրեմ, օճառ, նուրբ խոզանակ մազերի համար, բամբակյա ծայրերով փայտիկներ` ականջները մաքրելու համար, ծծակ, պլասմասե կամ ապակե շիշ, գդալ, ափսե, մի քանի դեղեր. սրանք էլ` 20-30 հազար դրամ: Փաստորեն, ամենաառաջնային ծախսերը նվազագույնը կազմում են 200 000 դրամ: Եթե դրան գումարվի պահարանի, տադիրի սեղանի, օրորոցի վրա ճոճվող խաղալիքների ու մի շարք այլ հավելյալ պարագաների ծախսը, այդ գումարը կեռապատկվի: Իսկ եթե որոշեք երեխայի համար առանձին սենյակ կահավորել, ապա պետք է ձեռքի տակ ունենաք հավելյալ առնվազն մի քանի հազար դոլար:
Սակայն բոլորը չէ, որ հնարավորություն ունեն ձեռք բերել բոլոր պարագաները: Նոր մայրացած Մարինեին, օրինակ, օգնելու են ազգականները: «Ամիսներ առաջվա հավաքած գումարով կարողացանք գնել մի քանի իրեր, մնացածները քույրս կտա իր երեխաների օգտագործածը: Բայց ամեն դեպքում որ վերջնական ծախսերը հաշվեցինք, կազմեց մի կլորիկ գումար: Մտածում էինք` երեխային անվանակոչել Ոսկի, դե որ էդքան թանկ ստացվեց»,- կեսկատակ ասում է նա:
Նրա խոսքով` որքան էլ պետությունը խրախուսի նորածիններին որոշակի գումար հատկացնելով, կամ հիվանդանոցային ծախսերը հոգալով` միևնույնն է, իրենց հոգսը չի թեթևանում: Ծախսվող գումարը գրեթե տրամադրվողի քառապատիկն է:
Իսկ ահա Արմինեն ու ամուսինը աշխատում են: Նրանք նույնպես փորձել են գնել ամենաանհրաժեշտը:
«Երեխայի համար ամենաառաջնայինը և կարևորը, կարծում եմ, օրորոցն է, մենք նախընտրել ենք 80 հազար արժողությամբը: Գնել ենք նաև մի քանի հագուստ և անկողին: Սեղանն ու աթոռը, մեզ համար, արդեն արդեն ճոխություն կլինի»,-ասում է Արմինեն:
Իսկ Էմման և Աշոտը առաջնեկի ծննդյան կապակցությամբ տեղփոխվել են նոր բնակարան: Երեխայի սենյակը լի էր խաղալիքներով. պատերին և վարագուրներին մանկական նկարներ էին, անկյունում պահարանն ու տակդիրները փոխելու սեղանն էր: Նրանք, վստահաբար, միջին` 185 000-ի առնվազն եռապատիկն էին ծախսել:
Անի Ասատրյան